Դիմանկարներ․ Արամ Իսաբեկյանի հայացքը

Արամ Իսաբեկյանի բազմաժանր նկարչության մեջ դիմանկարչությունը առանձնանում է: Վստահաբար նա այսօր գեղանկարչության այս ժանրում լավագույնն է: Այս կարծիքը կարելի է լսել շատերից: Հայրը՝ Էդուարդ Իսաբեկյանը, շատ շեշտված էր ասում այս մասին և գնահատում որդուն՝ որպես վարպետ պորտրետիստի:


Մի քանի օրից՝  սեպտեմբերի 26-ին, կլրանա Արամ Իսաբեկյանի՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ղեկավարելու 25-ամյակը: Ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացված նրա «Դիմանկարներ» խորագրով ցուցահանդեսը նվիրված է այս հոբելյանին: Մթնոլորտը իսկապես ջերմ էր, սրահը՝ մարդաշատ: Ներկայացված դիմանակարների մեջ կան թե՛ տարիներ առաջվա գործեր, թե՛ բոլորովին նոր, հանրությանը անծանոթ աշխատանքներ:

Դիմանկարչությունը համարվում է բավական բարդ ժանր: Կերպարաստեղծման ընթացքը մասնագիտական վարպետությունից զատ նկարչից պահանջում է հոգեբանի որոշակի ունակություններ: Արամ Իսաբեկյան դիմանկարչի պարագայում այս գործոնը կարևոր դեր ունի: Նա մարդուն, մարդու բնույթը  ճանաչելու, կարելի է ասել անգամ դրա ինտուիտիվ զգացողությունն ունի, մի բան, որ անհրաժեշտ լինելով կյանքային հարաբերությունների մեջ, պակաս կարևոր չէ դիմանկարի ստեղծման ընթացքում: Որպես նկարիչ նա առանձնահատուկ վերաբերմունք ունի բնորդի նկատմամբ: Տարիներ առաջ «Մոսկվայի տանը» իր հետ հանդիպման երեկոյին խոստովանեց, որ նկարելիս հատուկ ընտրություն չի անում, կարևորը, որ սրտով արվի, սակայն միանգամայն այլ է մոտեցումը դիմանկարի պարագայում: Եվ հենց այստեղ ընտրությունը խիստ է, նա սիրում է նկարել մարդկանց, ում ճանաչում է և հասկանում: Այնպես չէ, որ բոլոր նկարներն է համարում  ստացված. դրանք այն մարդիկ են, որ աշխատելու ընթացքում չբացվեցին նկարչին: Ասում էր՝ «Չհասկացա՝ ով է իմ դիմաց նստած, ի՞նչ նկարել, փողկա՞պ, կոստյո՞ւմ»: Այսինքն՝ զուտ արտաքին նմանությամբ, ինչ – որ ատրիբուտներով գեղեցկացրած պորտրետը առանց անձի հոգեբանական վիճակների բացահայտման,  մանեկենի պես մի բան է, արվեստի հետ կապ չունեցող: «Եթե չի հաջողվում զգալ, ճանաչել մարդուն ներքնապես, նկարը չստացված եմ համարում»,- ասում էր Իսաբեկյանը։ Նա  անգամ կարող է դադարեցնել աշխատանքը: Սա իրոք այդպես է, ու բավական է թեկուզ ընդհանուր հայացք նետել ցուցահանդեսում ներկայացված տարբեր տարիների արված դիմանկարներին, որոնք դասական նկարչությանը բնորոշ ոճի մեջ են, իր անցյալ շրջանին հատուկ գունային մուգ լուծումների  թանձր մթնոլորտում: Այսպիսին է հատկապես Փարավոն Միրզոյանի դիմանկարը. միջնադարի գեղանկարչության հանդիսավոր շունչ կա այնտեղ:

Որքան էլ դժվար է առանձնացնել որևէ պորտրետ, միաժամանակ անհնար է առաջինը չնկատել դստեր՝ Աննայի գլխավոր պորտրետը (ցուցասրահում ներկայացված են նրա մի քանի դիմանկար)՝ «Վերածնունդ» խորագրով, որը կարելի է ասել նկարչի այցեքարտն է: Այս գործը ակնհայտ տարբեր է մյուսներից՝ ոչ միայն գունային լուծումներով. այստեղ կերպարը գաղափարակիր է, խորհուրդ կա դրված, բնորդուհու հայացքի հեռուն ձուլված է հատուկ ընտրված լազուրե ֆոնին, սա ներդաշնակության ձգտում է, հոգեկան կատարելության գեղեցկություն, ազատության, վերելքի գաղափար: Հետաքրքրական է, որ հենց «Վերածնունդ» նկարն էր վնասվել 1994-ի երևանյան իր տան հրդեհի ժամանակ և ռեստավրացվել, իհարկե: Նկարը արված է դստեր հանդեպ հայրական անհուն սիրով, և սա է հենց հաջողության գաղտնիքը հիմնական՝ նկարչի համար դարձած յուրատեսակ մի թալիսման:

Ամենահայտնի և տպավորիչ պորտրետներից է  «Հորս դիմանկարը». այնպիսի տպավորություն է, թե Վարպետը կողքիդ է, այնքան կենդանի, շնչող է նկարը: Արտաքին ատրիբուտիկան տեխնիկական անթերի կատարման է հասցված, հատկապես ձեռքերը, որ նկարչի մոտ հաջողված է նաև այլ գործերում, սակայն շեշտադրումը կերպարի հոգեբանական կողմն է՝ Էդուարդ Իսաբեկյանի խառնվածքի վեր հանումը առաջացած տարիքում, խոհականության ու իմաստնության ծանր «բեռան» տակ: Սա կարդում ենք նրա կիսախոնարհված հայացքում, ապրած կյանքի հետքերի՝ ագուցված ձեռքերի կնճիռների մեջ:

Ցուցասրահում իր մտերիմների, կոլեգաների, ընկերների դիմանկարներն են, ծանոթ մարդիկ, որոնցից շատերը ներկա էին այնտեղ: Բացառիկ հաջող է արվեստաբան Վիգեն Ղազարյանի դիմանկարը, գեղանկարիչ Էդիկ Վարդանյանի մտերմիկ դիմանկարը, Արկադի Տեր-Թադևոսյանի՝ զինվորականի զուսպ կերպավորումը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, որդու՝ Մհեր Իսաբեկյանի դիմանկարները, վերջին շրջանի գործերից ավելի թեթև գունային միջավայրում է «Բարսեղյանների ընտանիքը» կտավը:

Ինձ թվում է՝ կերպարաստեղծման հաջողության գաղտնիքներից մեկը Արամ Իսաբեկյանի՝ դեռ պատանեկության տարիներից գրականության հանդեպ  ունեցած մեծ սերն է, նրա վերաբերմունքը գրականությանը, իսկ մարդաճանաչողության առումով, կարծում եմ՝ բնությանը, նրա մեծ խորհրդին  այսքան մոտ զգալու հանգամանքը նշանակություն ունի:

Արամ Իսաբեկյանը յուրաքանչյուր կերպարին ունի անհատական մոտեցում՝ բացահայտելու ամենաբնորոշ խարակտերային գիծը, որ նաև ընդհանրացնող է. սա նուրբ զգացողությունների դաշտն է, ամեն արվեստագետի չի, որ տրված է: Կատարողական վարպետության, մարդիմացության, կերպարի անհատականացման շնորհիվ նրա դիմանկարչական արվեստը հասցված է բարձր մակարդակի  ու հայտնի  վաղուց, և իրավամբ իր պատվավոր տեղն է զբաղեցնում հայ գեղանկարչության այս ժանրի մեջ:

Մելանյա Բադալյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.