Իրականությունն իր համար երազ դարձնելու նկարչի մեծ ցանկությունը անկասկած փոխանցվում է նաև նրանց, ովքեր կտավի գույնի շարժման լեզուն զգալ գիտեն, իսկ եթե կարդում են, կարելի է նաև ճամփորդել դրանց միջով: Յուրաքանչյուր կտավ, գունային հարմոնիայի ամեն երանգ երևակայական աշխարհի դռներն է բացում՝ ընդամենը մտածողության ազատ վիճակ ստեղծելով, որից պիտի «օգտվել» պարզապես… Արամ Իսաբեկյանի «Իրականության երազներ» նկարաշարը վերջին երկու տարիների ստեղծագործական աշխատանքի արդյունքն է, որ ներկայացնում է բոլորովին տարբեր նկարչություն, ինչ սովոր էինք տեսնել մինչ այդ նրա արվեստում: Դրանք հայտնի են արվեստասեր մարդկանց՝ որպես նկարչություն դասական ձևի մեջ, ոճային բազմազանությամբ` նատյուրմորտների, դիմանկարների, բնանկարների կոմպոզիցիաների դրսևորումներ:
Անցումը նոր ուղղության թվում է կտրուկ շրջադարձ, ոչ միայն ֆիգուրատիվից անցում է դեպի աբստրակցիա, նաև, և հատկապես՝ գունային նոր միջավայրի բացահայտումներ են: Աբստրակցիոնիզմին անցնելը սակայն պատահական չէ՝ պայմանավորված մշտապես նորի որոնումներով հայտնի արվեստագետի ներքին վիճակով: Ըստ ամենայնի, նրա գեղարվեստական մտածողությունն ու արտահատչաձևերը ստեղծագործական այս փուլում աբստրակցիայի մեջ են կենսունակ: Աշխատանքների վերջին շարքը՝ հիմնականում մեծածավալ կտավներ, զգայությունների և տրամադրությունների գունային հագեցած սիմֆոնիա է, ինչը զգալու հնարավորությունը տվեց Նկարիչների միության սրահում հրաշալի կազմակերպած էքսպոզիցիան: Նկարները, որ քանակային առումով բավական շատ են, ընդգրկելի են մեկ ընդհանուր հայացքի ծիրում. դրանք դիտվում են որպես մեկ ամբողջություն, միմյանց հաջորդում են բնականորեն, ինչպես առավոտը գիշերվան, լույսն ու մութը, արևածագն ու արևամուտը, ասել է թե կյանքի շարունակական պատմություն, որ սովորականից վերածվել է երազայինի: Նկարիչը կարծես ինքնախոստովանության շարք է ներկայացրել. նկարները պատմում են ոչ թե կյանքի արտաքին շարժի մասին, այլ հետևում են մտքերի ու հույզերի ընթացքին: Ինքնին այսպիսի վիճակը թելադրում է դրսևորման համապատասխան ընտրություն՝ ձևից վերացարկվելու միջոց, իսկ հուզամտային այսպիսի հոսքի տեղավորումը կանոնիկ կաղապարների մեջ, պիտի որ անհամատեղելի լինի:
Թեև հեղինակը այդքան էլ համաձայն չէ այս նոր աշխատանքները աբստրակցիոնիստական նկարչություն համարելուն, այդպես էլ ասաց ցուցահանդեսի բացման իր խոսքում, սակայն գունային այս տարածումները, պատկերների այսպիսի ծավալումների՝ զգացողական դաշտ տեղափոխելը իրականության մի նոր աշխարհ ստեղծել է, որ սովորաբար արվեստագետների համար գուցե նաև փախուստի մի ձև է ամենօրյա հոգնեցնող ռեալություններից…
Այս տարվա սեպտեմբերի 20-ը հիշարժան օր է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի կյանքում, առհասարակ սեպտեմբերը այդպիսի ամիս է նրա համար: Ծնվել է սեպտեմբերի 26-ին, այս նույն օրը 25 տարի առաջ ստանձնեց ռեկտորի պարտականությունը, պատվախնդիր ու պատասխանատու ճանապարհ անցավ՝ այն դժվար տարիներին, փլուզվող ժամանակներում պահպանելու քանդման եզրին գտնվող ուսումնական հաստատությունը, ապա և նվիրումի ու ջանքերի շնորհիվ այն դարձնելու ժամանակակից, առաջատար բուհ: Նշանավոր արվեստագետների զավակ լինելով՝ նա ժառանգաբար ստացել է նկարելու շնորհը, սակայն միաժամանակ բնությունից իր մեջ դրված է անհատական վերաբերմունք ու գնահատություն առհասարակ կյանքի դրական երևույթների ու գեղեցկության նկատմամբ, և սա նույնպես շնորհ է…
Նա հաճախ է ասում, որ իր նկարչությունը իր կյանքի ուղղակի արտացոլանքն է. այս նոր ուղղության մեջ նկարչի կերպարի բացահայտումը հանրությանը կատարվեց դարձյալ սեպտեմբերին: Այս նույն օրը, մինչև ցուցահանդեսի բացումը նա արժանացավ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի կոչման: Այս մասին ցուցահանդեսի մասնակիցներին հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորանքի հետ ստեղծագործական երկար ու արգասաբեր ճանապարհ մաղթելով հեղինակին: Նմանապես Նկարիչների միության կողմից ջերմ շնորհավորանք հղեց ՆՄ նախագահ Սուրեն Սաֆարյանը:
…Գունային ազատությունը, որով հագեցած է այս նոր իրականությունը, տոնական վիճակներ էր ստեղծել սրահում, ակնհայտ բաց տարածություն, անկաշկանդ գեղեցկություն, որի յուրաքանչյուր անկյունում տրոփում է բնության սիրտը: Ես կարծում եմ՝ նկարների այս նոր շարքը ձոն է բնությանը, երախտագիտության մի տուրք բնության՝ մեզ շռայլած բարիքին, գեղեցկությանն ու վսեմ խորհրդին… Եվ հետաքրքրական է, որ այս ցուցահանդեսի բացումը կատարվեց հենց սեպտեմբերի 20-ին, երբ ամբողջ աշխարհում բնապահպանական շարժում էր ընթանում, և նկարներն էլ ծնվել են բնության մեջ, բնության խորը զգացողությամբ ու ընկալումով:
Բնության հետ Արամ Իսաբեկյանը մտերմացել է վաղուց, այդ կապը հասած է կատարյալ ներդաշնակության, որի շարժերին ու գույներին հետևելով է, որ վրձինը փոխադրվեց աբստրակցիայի դաշտ. «Ի՞նչ են բնության շարժերը, տարերքն ու փոփոխությունների անվերջանալի հոսքը, եթե ոչ՝ աբստրակցիա…»:
Յարաքանչյուր նոր պատկերի ետևում մարդկային կյանքի ու հոգու շարժ է, լեցուն դրական լիցքերով, լավատեսության, բաց տրամադրությունների երփնագրեր… «Կանաչի երանգները»՝ իր այգին է, տերևների՝ վերևից հոսքով, «Կապույտ էքսպրեսիա», «Կապույտ խորություն», «Վաղ առավոտ. թարմություն»՝ բերկրանք է, հանգստության կատարյալ զգացողությամբ, «Բարի լուր»՝ մանկական ժպիտ է կարծես, «Մեր երկիրը»՝ կենարար աղբյուր, մաքուր ջրերի հոսքով: Անսովոր հեքիաթային, երազային մի խաղ է «Այգիս ձմռան» կտավը, ասես Սուրբ Ծննդյան օրվա մեղեդի հոսում է գույնից: «Ուխտավորներ»․ այս նկարում ուրվագծված պատկերները սրբավայրեր են, խորը, մուգ կապույտ ջրերից բաժանվող կամ միացող գոթական տաճարների շարք, որոնց մոտենալ են փորձում հավատավորները, և զգացողությունը ոչ միայն անմիջական ու փոխանցելի, նաև իրական է: «Տրամադրությունների» շարքը՝ տարաբնույթ, ինչպես և սպասելի է, ցածր ու բարձր նոտաներով, օվկիանոսի տարերքն ամփոփած փոքրածավալ կտավներում… «Թագավորն ու Թագուհին»՝ սևին հանդիսավոր ոսկեզօծումներով: Եվ իհարկե՝ «Գարունն այգում» հրաշալի գործը՝ պոստիմպրեսիոնիստական ոճով, Վանգոգյան գունասփռումներով:
Ահա ինչպիսին կարող է լինել բնության ուժը, ինչը նա զգացել է քաղաքային կյանքից հեռու, Աշտարակի իր տանը, իր այգուց ստացած ջերմությամբ: Այս այգին է, որ դարձել է իր նկարչության տարածական ներշնչանքի օբյեկտ: Սա բնությունը սիրողի հայացք չէ միայն, այլ ամենօրյա հոգ տանողի վերաբերմունք, խորքային ըմբռնում, վերապրում, իրեն բնության մի մասնիկ զգալու, նրա շարժի մասնակիցը դարձնելու, նրա օրինաչափությունների մեջ հավասարակշռություն և անդորր գտնողի սեր: Տարիներ առաջ ստեղծած «Իմ այգին» նկարաշարը վիզուալ պատկերումն է ծառերի, թփերի, ծաղկաբույսերի, լույսի ու ստվերի շարժի արտացոլանք, օդի թափանցիկություն, կանաչի առավոտվա թարմություն. մի տեսակ Մեծարենցյան շունչ կա այստեղ, քնարականություն: «Իրականության երազները» այս այգու շարունակության խորքային տարբերակն է, որտեղ մակերեսը՝ պարզ տեսողականը տրանսֆորմացվել է հոգևոր ճանաչողության, երբ նկարիչն ունի այլ փորձ՝ բնության տարերքի ու շարժման էության զգացողության, դրան մերձենալու ու դրա մեջ թափանցելու վիճակների, երբ մտքերի հոսքը զուգահեռվել, ներդաշնակվել է բնության խորհրդին:
Արամ Իսաբեկյանի արվեստը համարում են ինտելեկտուալ նկարչություն, և այս նոր ուղղության մեջ դա ավելի ակնհայտ է դրսևորվում. ուշադիր հայացքը տեսնում է առօրեականությունից, պատկերից ու ձևից վերացարկված նոր աշխարհ, մտաշխարհային շողարձակումներ, որ նրան թելադրել է բնության մեջ, հողին ու երկնքին մոտ, քաղաքային աղմուկից հեռու իր ներկա ապրելակերպի ճշմարտությունը: Սա ներհայեցողական վիճակ է, ինքնազրույց, կամ զրույց բնության հետ, մարդու աշխարհից մեկուսի գեղեցկություն, որ նկարիչն անվանել է իրականության երազներ…
Մելանյա Բադալյան