Պտուղը ծառից հեռու չի ընկել. խոսքը հայ կերպարվեստի դասական Էդվարդ Իսաբեկյանի որդու` Արամի մասին է: Հորից, նաև գեղանկարչական այնքան նուրբ զգացումով օժտված մորից` Արփենիկ Նալբանդյանից ժառանգած գեղանկարչական հզոր երակի մասին է, որը միանգամայն ուրույն նկարագիր ստացավ Արամ Իսաբեկյանի մոտ: Եթե ընտանեկան այդ սքանչելի զույգին ավելացնենք խորհրդային շրջանի կերպարվեստի մեծագույն անհատականություններից մեկին` Դմիտրի Նալբանդյանին (Արամի մորեղբայրը), կարելի է միայն զարմանալ թե մանկուց այդ մեծերի «գրկում» հայտնված տղան ինչպես խուսափեց որևէ ազդեցությունից, հարազատ մնալով իր հոգու ձայնին, իր զգացումներին:

Երբ մտորում ես գեղանկարչական ասպարեզում Արամ Իսաբեկյանի ներդրման ու վաստակի մասին, ապա առաջին հերթին փաստում ես նրա պրոֆեսիոնալ բարձր մակարդակը, լայն ինտելեկտը, կերպարվեստի տեխնիկական բոլոր հնարքների անթերի իմացությունը: Դա նշանակում է ուզածդ խնդիր, այդ թվում նոր ժամանակներին արձագանքելիս, նա լուծելու է այն հիանալիորեն` թողնելով մնայուն արժեքներ. վկայությունը «Պոետը», «Զբոսանք», «Կախարդուհի», «Մերկ կինը». «Մասուրի ճյուղը», «Վհուկները» և այլ կոմպոզիցիոն տեսարաններ:

Գեղանկարչության դասականների ընտանիքում ծնված ու մեծացած զավակը հոգու խորքում փայփայել է ազգային իրատեսական արվեստի լավագույն ավանդույթները: Չափանիշների այս խայտառակ շրջանում դա պետք է համատեղվեր արդիական մոտեցումների ու նախասիրությունների հետ` նոր որակ բերելով հայ կերպարվեստին:

Այս առումով առավել տպավորիչը Իսաբեկյանի ստեղծագործություններում դիմանկարներն են: Ասում են, որ նույնիսկ վերածննդի շրջանում յուրաքանչյուր նշանավոր վարպետ պարտադիր է համարել իր ուժերը փորձել դիմանկարի ժանրում: Չգրված օրենքով հենց այստեղ էր կատարվում նկարչի անհատականության ինքնահաստատումը: Այսօր Արամի ինքնահաստատումը վավերացած իրողություն է. այն էլ` ինչպես: «Հոր դիմանկարը», «Փարավոն Միրզոյանը», «Վերածնունդը» մեր կերպարվեստի նվաճումների շարքում են և իրենց ուրույն տեղն ունեն հայկական դիմանկարչության ոսկե ֆոնդում: Եթե ստեղծագործական կրքոտ եռանդով կատարված հոր և Փարավոն Միրզոյանի դիմանկարներում նկարիչը, զերծ մնալով ավելորդ էֆեկտներից, հասել է կերպարի արտաքին և ներքին բովանդակության համակողմանի ընդգրկման ու հոգեբանական բացահայտման (սովորական պահի մեջ ինչպես է արտահայտել գեղանկարչության մեր նահապետի աչքերի թուլացած ուժը ), ապա` «Վերածննդում» (ասես անձեռակերտ լինի), ներքին ռիթմով պրկված, «Աննայի դիմանկարում», «Վառվառայում», ամբողջովին տիրապետում է քնարական շունչը: Կատարման մաքուր արտահայտչաձևերում, հակիրճության ու պարզության մեջ զգացվում է Հովնաթանյանական լռիկ մի ջերմություն, միայն թե` լուսավոր գամմայով` կապույտի թափանցիկ արտացոլումներով ու ներքին ճառագումով: Միջնադարյան արվեստում մեր նախնիների այնքան սիրած կապույտը արտահայտել է հարատևության իմաստ: Եվ միթե կյանքի հարատևության ու գեղեցկության խորհրդանիշները չեն արտահայտում բյուրեղի պես մաքուր հոգու և պատանեկան խառնվածքով լեցուն այդ աղջնակները: Կատարման ինչպիսի վարպետություն, ձևերի ու գույների ինչպիսի զգացում, գեղարվեստական խոսքի ինչպիսի կուլտուրա, ամեն ինչ անպաճույճ ու ոգեղեն, մեղմ, փոքր ինչ ցրված ճակատային լույսը օգնել է նկարչին ներդաշնելու տոնային նուրբ հակադրությունները:

Արամ Իսաբեկյանը ապացուցում է, որ իսկական արվեստագետի հնարավորություններն անսպառ են, որ արվեստը կանոնների քարացած համակարգ չէ: Յուրաքանչյուր թեմա, յուրաքանչյուր կերպար թելադրում է մեկնաբանման իր ուրույն ձևը, գեղեցիկի ընկալման հարաբերականությունը:

Արվեստում կա բացարձակ մի ճշմարտություն, դա անկախ նկարչի կատարողաոճական առանձնահատկությունները, նաև ժամանակակից մոդայիկ ձևերը, որոնց հեշտաբար մղվում է երիտասարդությունը, նկարից ստացած հուզաէմոցիոնալ տպավորություն է, նկարի ներգործման անմիջական ուժը: Բոլորովին տարբեր ձեռագրաոճ են ունեցել մեր մեծերը` Սարյան, Սուրենյանց, Բաշինջաղյան, Թադևոսյան, Քոչար, Իսաբեկյան… Աշխարհի ընկալման իրենց ուրույն շեշտադրումներն են դրսևորել նրանց հաջորդած սերունդը` Գ. Խանջյան, Մ. Ավետիսյան, Հ. Գալենց, նաև մեր օրերի տաղանդները` Հ. Հակոբյան, Ա. Գրիգորյան, Ռ. Էլիբեկյան, Ռ. Խաչատրյան… Տարբեր մտածելակերպի այդ անհատականություններին սակայն միավորել է ժողովրդի համար հասկանալի լինելու արվեստի լուսավոր խորհուրդը, իրական միջավայրի մեջ բացահայտելով իրենց երևակայված աշխարհը:
Արամ Իսաբեկյանն այդ գեղեցիկ խմբավորման մեջ իր միանգամայն ուրույն ու պատվավոր տեղն ունի:

Հրավարդ Հակոբյան
Արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր