Յուրաքանչյուր նկարչի ստեղծագործական ճանապարհի հետագծին նայելով՝ անհրաժեշտաբար մտորում ես ժամանակի կշռույթում արվեստի մնայուն ու անցողիկ արժեքների մասին։ Արամ Իսաբեկյանի համար դա ստեղծագործական բեղմնավոր գործունեության շուրջ չորս տասնամյակ է, որի ընթացքում ստեղծած գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներով իր ուրույն տեղն է գրավում արդի հայ արվեստում, նկարիչ, որի արվեստը վաղուց ճանաչվում ու գնահատվում է Հայաստանում և նրա սահմաններից դուրս։
Նկարչի ստեղծագործական որոնումների, ինքնահաստատման ուղղու դժվարություններն ու բարդությունները, թերևս, կապված են իր ծնողների՝ տաղանդավոր նկարիչներ Էդվարդ Իսաբեկյանի ու Արփենիկ Նալբանդյանի արվեստի անմիջական ու զորեղ ազդեցությունը հաղթահարելու և սեփականը գտնելու հետ։ Եվ դրա համար բնատուր շնորհքը բավարար չէ առանց նվիրումի, տքնաջան ու հետևողական աշխատանքի։
1970-ական թվականների ստեղծագործական ասպարեզ իջած նկարչի աշխատանքներին հատկանշական են լակոնիզմը, հորինվածքի հստակությունն ու կառուցիկությունը, առանձին տարրերի մշակման ամբողջականությունը, հագեցած կոլորիտը, որոնցում դրսևորվում են Ա. Իսաբեկյանի պատկերային մտածողության ու գեղարվեստական ոճի առանձնահատկությունները, հետաքրքրությունների դիապազոնը։ Այդ ամենը, ժամանակի ընթացքում հարստանալով ու բյուրեղանալով, դառնում է նրա ստեղծագործությունների գեղարվեստական համակարգի բաղկացուցիչ մասը։ Արդեն վաղ շրջանի կոմպոզիցիոն աշխատանքներում ու նատյուրմորտներում նկարչի ստեղծագործական անհատակաության, գեղարվեստական ժամանակակից մտածողության յուրահատկությունները պայմանավորված են նրանով, որ իր ընկալումների ու մտորումների կերպավորման եղանակը հաճախ այլաբանական, սիմվոլիկ բնույթ ունի։ Եվ դրա հիմքում ընկած է 20-րդ դարի հասարակական կյանքի և մարդկային փոխհարաբերություններում տեղ գտած արատավոր երևույթների, պարտադրված կեղծ արժեքների մերժման գեղարվեստական ինքնատիպ արտահայտությունը։
Հարցազրույցներից մեկում Ա. Իսաբեկյանը հստակ ձևակերպում է իր հավատամքի ու կենսափիլիսոփայության կերպը, որի վրա խարսխվում է նրա արվեստը. «Արվեստագետը ժողովրդի ոգու ու կենսակերպի հայելին է, և նրա ստեղծագործություններում պետք է վերընձյուղվի իր ժողովրդի ապրած կյանքը, կուտակած իմաստությունն ու հոգևոր հարստությունը»։ Եվ այս չափանիշների վրա է խարսխվում նրա արվեստը։ Իրականության բացասական երևույթների մերժման, ոչ հեռավոր անցյալում մեր ժողովրդի ապրած կորստի ու տառապանքների անդրադարձումները մարմնավորվել են ինչպես կոնկրետ իրադարձությունների մղձավանջային վերհուշի, այնպես էլ խոհական, այլաբանական հղացումներում, որոնցից են՝ «Հիշի՛ր 1937 թվականը» (1996), «Խաբուսիկ անդորր» (1996), «Ժամացույցը Իգդիրից»(1983), «Բորենիների խրախճանք» (1989), «Երազ» (1991), «Սյուրռեալիստական իմաստություն» (1996), «Ամենազորեղը» (1996), «Վհուկներ» (1999), «Մուտանտ» (1997), «Առյուծամարդկանց զույգ» ( 2003) գեղանկարչական ու գրաֆիկական հորինվածքները։ Ռեալ ժամանակից ու միջավայրից դուրս, սյուժետային զարգացումից զուրկ այս շարքի աշխատանքների հերոսները կերպարանափոխված են, կաղապարված, երբեմն բիրտ ու ահասարսուռ, երբեմն սառն ու անթափանց դեմքով, կենդանի ապրումը շքեղ դիմակի տակ թաքցրած, որոնք սակայն արտահայտում են հուզական ու հոգեբանական բարդ ու բազմակողմանի վիճակներ։ Նրանց շրջապատի առարկաներն ու կենդանիները (բորենի, ագռավ, կատու, վանդակ՝ թութակով, սափոր) սիմվոլիկ մեկնաբանությամբ ամբողջացնում են տեսիլքի մոգական միջավայրը՝ կառուցված կարմրի, կանաչի, կապույտի հագեցած երանգների ու արծաթագույնի, փիրուզագույնի, կաթնասպիտակի հակադրության, սև, մուգ ուրվագծերի ու անհանգիստ, հատու, տեղ-տեղ կուտակումներով գծանկարի միջոցով։ Իրականությունից միտումնավոր կերպով «կտրված» և դրան զուգահեռ նկարիչն ստեղծում է նաև մարդկային վսեմ զգացմունքների ու ներդաշնակության խորհրդավոր մի աշխարհ, որի հերոսները համակված են քնարական հույզերով՝ շաղախված մերթ թախիծի ու մելամաղձության, մերթ ինքնասույզ անուրջի երանգներով («Նվիրում»,1992, «Հեծլալ ասպետը»,1994, «Ցերեկային հսկողություն»,1996, «Ասպետը և կինը», 2002 )։ Սիրո ու նվիրումի, ասպետական վարքի ու ազնվության մասին արվեստագետի մտորումներն արտահայտվում են մետաֆորիկ լեզվով, զուսպ ու լակոնիկ արտահայտչամիջոցներով։ Վերոհիշյալ աշխատանքները որոշ ընդհանրություն ունեն մետաֆիզիկական և սյուրռեալիստական ուղղությունների ստեղծագործական կոնցեպցիայի հետ, որը հիմնականում վերաբերում է ձևակերտման ենթագիտակցական կողմին։ Այս զուգահեռներում դիտարկելով Ա. Իսաբեկյանի ստեղծագործությունները, առավել քան, ակնհայտ են դառնում նրա արվեստին բնորոշ կենսահաստատ շեշտադրումը, համամարդկային խնդիրների ու արժեքների, կյանքի գեղեցկության ու հարատևման ներանձնականի ընկալումներն ու մեկնաբանումը։
Կյանքի բնականոն ընթացքի, կնոջ գեղեցկության ու հմայքի իր «բանաձևումն» ունի նկարիչը։ Այն ներառում է մայրական ջերմագին սիրով լուսավորված («Ընտանիք», 1979, «Իռան երեխայի հետ թախտի վրա»,1982), տեսլական ու առեղծվածային («Մերկը թութակի հետ», 2001, «Գեղեցկուհին», 2002, «Մի բաժակ սուրճ», 2003, «Գլխարկով աղջիկը, 2004, «Տարփուհի», 1999) կնոջ կերպարի ու ներաշխարհի տարբեր դրսևորումները։ Բազմաթիվ կոմպոզիցիոն աշխատանքների ու դիմանկարների հերոսուհիները պատկերված են գեղեցիկ, արտահայտիչ դիմագծերով, լուսաշող, համաչափ ու անթերի կազմվածքով, խորհրդավոր հանդիսավորությամբ պարուրված, ներքին արժանապատվության զգացումով։
Հարուստ թեմատիկայով, կերպարի ու մոտիվի բազմազանությամբ, գեղարվեստական բացառիկ որակով են առանձնանում նատյուրմորտները։ Դրանց մի մասը («Ժամացույցը Իգդիրից»,1983, «1988 թվականի Հայաստանը», 1988, «Նամակ Ամերիկայից», 1988, «Իմ ճանապարհը»,1993) կապված է անցյալի ու ներկայի իրադարձությունների հետ, որի նկատմամբ նկարիչն ունի հստակ վերաբերմունք՝ որպես հայ մտավորական ու քաղաքացի։ Մի մասը («Եգիպտական արձանիկով նատյուրմորտ»,1997, «Վենետիկյան դիմակներ» շարք,1999-2009, «Դիմակ և շշեր» շարք, 2005-2010) ստեղծվել է ճամփորդական տպավորությունների ու հիշողությունների հիման վրա, որոնցում դիտողի ուշադրությունը պատկերված նրբագեղ առարկաների, շքեղ ու գունագեղ դիմակների էկզոտիկ արտաքինից փոխադրվում է այդ ամենին հարիր մշակութային միջավայր։ Հատկապես ուշագրավ են դիմակներով հորինվածքները, որոնց պարբերաբար անդրադառնում է նկարիչը, ամեն անգամ արտահայտելով տարբեր տրամադրություններ ու հույզեր։ Նատյուրմորտների մի մասը կապված է շրջապատող աշխարհի ու բնության գեղեցկության անհատական ընկալումների հետ («Արվեստանոցում», 1993, «Հաց և գինի», 2002, «Արևածաղիկներ և խխունջներ», 2006, «Վարդեր ծաղկամանում», 2005, «Իմ այգին», շարք, 2000-2010)։ Մի նկարից մյուսը տեղափոխվող իրերն ու առարկաները (գրքեր, շեփոր, ջութակ, թիթեռ, խխունջներ, դիմակներ, շշեր և այլն) բացահայտում են արվեստագետի նախասիրությունների ու հետաքրքրությունների շերտերը՝ ստեղծելով որոշակի միջավայր, որտեղ ապրում ու ստեղծագործում է հեղինակը։
Նատյուրմորտներում նկարչի գեղարվեստական մտածողության ու ոճական ուրույն ձեռագրի հատկանշական գծերը դրսևորվում են հորինվածքի կուռ ու տրամաբանված կառուցվածքի, մուգ խորքից երևակվող, հավասարապես լուսավորված առարկաների հարաբերակցության և դրանց մանրամասն մշակման մեջ։ Այդ ամենի շնորհիվ յուրաքանչյուր առարկա ձեռք է բերում ինքնակա նշանակություն և, որոշ դեպքում, այլաբանական-խորհրդանշական իմաստ։ Տիպիկ օրինակներից է «1988 թվականի Հայաստանը» նատյուրմորտը։ Աջից՝ ձախ անկյունագծով պատից կախված Քրիստոսի պատկերը, դատարկ շրջանակի մեջ եռագույն դրոշակը, շեփորը, դիմանկարը, սեղանին դրված անթառամ ծաղիկներով ծաղկամանն ու ջութակը փոխկապակցված ու շնչավորված են՝ զուգորդվելով ազգային համընդհանուր զարթոնքի ու անկախության համար պայքարի տարիների հետ։
Համեմատելով տարբեր ժամանակների նատյուրմորտները՝ նկատում ենք, որ վերջին տասնամյակի աշխատանքներում նատյուրմորտի ժանրը հարստանում է նոր թեմաներով ու գեղարվեստական արտահայտամիջոցներով։ Դա պայմանավորվում է արվեստագետի կենսափորձով, բնության, հայրենի հողի ու գոյության իմաստը վերարժևորելու գործոնով։ Արևի պայծառ լույսով են ողողված ինչպես ինտերիերում պատկերված նատյուրմորտներում, այնպես էլ փարթամ վարդենիների ու խնամքով մշակված այգու ծաղկազարդ անկյունների պատկերները։ Նախորդ շրջանի նատյուրմորտներին հատկանշական մուգ, հագեցած կոլորիտին, հարթ քսվածքների սահուն, փափուկ անցումներով գունային մակերեսին փոխարինում է ավելի բաց ու լուսավոր երանգավորումը, թափանցիկ, էքսպրեսիվ, թեթև վրձնահարվածներով գունագեղ երփնագիրը։ Նատյուրմորտներում իշխում են անդորրի, հոգու խաղաղության ու ներդաշնակության տրամադրություններ և բնության գեղեցկությամբ հիանալու նկարչի անկեղծ, անմիջական ապրումները։
Բնության ու մարդու կապի մասին նկարչի խոհերն ու զգացումներն առավել ամբողջական են արտահայտվում բնանկարներում։ Նրան հոգեհարազատ են հայրենի բնաշխարհի՝ առաջին հայացքից ուշադրություն չգրավող, գողտրիկ անկյունները՝ Սևանա ծովակն իր քարքարոտ ափերով, մասրենու թուփը՝ կարմրին տվող պտուղներով, լեռնային գյուղի ծայրամասը և այլն («Տեսարան Դիլիջանից», 1993, «Գոշ գյուղի մոտ», 1994, «Հին ջրաղաց Բյուրականում», «Մասուրի թուփ Սևանում», 2004, «Ամպամած օր Սևան», 2006, «Իմ տունը Աշտարակում», 2009 կտավներն ու գրաֆիկական թերեթերը)։ Բնանկարներն առանձնանում են մտորումների խորությամբ ու բազմազանությամբ, տոգորված՝ երբեմն անվրդով ու խաղաղ բանաստեղծական շնչով, երբեմն հույզերի անսովոր խտացումով, որոնք ծնունդ են տալիս հայեցողական տրամադրությունների։ Ա. Իսաբեկյանի արվեստում հայրենի բնությունը ոչ միայն առանձին վայրերի ու մոտիվների պատկեր են, այլ նաև հավաքական, ընդհանրացված կերպավորումներ։ Եվ հատկանշական է, որ վերջիններս, որպես առանձին թեմա, հայտնվում են կոմպոզիցիոն աշխատանքներում, նատյուրմորտներում և դիմանկարներում (օրինակ՝ «Ասպետական» շարքի գեղանկարչական ու գրաֆիկական թերթերը, «Սալոմե», 1997, «Իմ ճանապարհը», 1993, «Վերածնունդ», 1995 և այլն)։ Այսպես՝ Մասիսների շարունակություն կազմող «Հայկական պարը» հիշեցնող լեռնաշղթան մե՛կ ձգվում է նկարի խորքում՝ հազիվ նշմարվելով ծառերի արանքից, մե՛կ երևում լուսավոր, արծաթավուն մշուշում։ մե՛կ բնապատկերը հարստանում է նրբագեղ կամարաշարով ու գմբեթով ճարտարապետական շինություններով։ Դրանք նույնպես ընդհանուր ձևով են տրված՝ հեռու կոնկրետ որևէ տաճար ու եկեղեցի լինելուց, ինչը ավելի է շեշտում բնապատկերի խորհրդանշական իմաստը։
Նշանակալից են Ա. Իսաբեկյանի վրձնած դիմանկարները, որոնցում ակնառու է հայ և համաշխարհային դիմանկարչության ժանրի դասական ըմբռնումների նորովի վերաիմաստավորվումը։ Այն դրսևորվում է զուսպ ու կառուցիկ հորինվածքով, հուզական տարբեր վիճակների ու տրամադրությունների արտահայտման, գեղարվեստական ինքնատիպ որակով։ Նկարիչը ստեղծում է դիմանկարների մի պատկերաշար, որի ներքին բովանդակությունը պայմանավորված է չեզոք, երբեմն պայմանական բնապատկերով հարստացված խորքով։ Եվ դա նպաստում է, որ դիտողի ուշադրությունը անմիջապես կանգ է առնում արտաքինից հանգիստ կեցվածքով կանգնած կամ նստած անձնավորության դեմքին։ Սուր դիտողականությամբ նկարիչը թափանցում է իր հերոսների հոգու խորքը, բացահայտում խառնվածքի, ներաշխարհի խորունկ շերտեր։ Նրանք ինքնամփոփ են, անրջող ու երջանիկ, ներանձնացած խոհերի ու ապրումների աշխարհում, և ամեանակարևորը՝ պատկերված են իրական ու ճշմարտացի, առանց գունազարդման ու ավելորդ զգացմունքայնության։ Այս առումով դիմանկարները ձեռք են բերում կենսագրական նշանակություն, Դրա լավագույն արտահայտությունն են «Հորս դիմանկարը»(1995), Փարավոն Միրզոյանի (1997), Ալեքսան Կիրակոսյանի (1998), Սոս Սարգսյանի (1999), Նավասարդ արք. Կճոյանի (2000) դիմանկարները, ինքնադիմանկարների (1973, 1970, 1980), Աննայի դիմանկարների (1989, 1995, 1997, 2008) շարքերը և այլն։ Այս ժանրի աշխատանքներում կոմպոզիցիոն կառուցվածքով, ասելիքի ու զգացմունքների բազմազանությամբ առանձնանում են հատկապես նկարչի դստեր՝ Աննայի դիմանկարները։ Տարիների ընթացքում ստեղծված դիմանկարներում մարդկային սիրո ու բերկրանքի, գարնան զարթոնքի ու գեղեցկության գեղանկարչական մարմնավորումը գրավում է զգացմունքների անմիջականությամբ, կյանքի հավերժության նկարչի ընկալումների ու ընդհանրացումների խորությամբ։
Ա. Իսաբեկյանի արվեստում առանձնակի տեղ են գրավում գրաֆիկական ստեղծագործությունները։ Այստեղ՝ թեմատիկայի առումով, շարունակվում են նկարչի հետաքրքրությունների լայն շրջանակները։ Հավասարապես օգտագործելով տարբեր նյութեր (ածուխ, մատիտ, սանգինա, կավճամատիտ, տուշ, ջրաներկ) և դրանց զանազան համադրումները՝ ստեղծում է ավարտուն կոմպոզիցիոն գործեր, դիմանկարներ, բնանկարներ, ինչպես նաև էսքիզներ ու ճեպանկարներ, որոնք կրում են արվեստագետի անհատականության ու բարձր պրոֆեսիոնալիզմի, ազատ ստեղծագործական մտորումների կնիքը։ Նկարչի մշտապես պրպտող ու վերլուծող միտքն ուղղված է ինքնաբացահայտման, բնության ու մարդու մասին սեփական ընկալումների նորանոր դրսևորումներին՝ կանխորոշելով ստեղծագործական ճանապարհի գալիք կանգառները ժամանակակից հայ գեղանկարչության համայնապատկերում։
ՔՆԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Արվեստագիտության թեկնածու, դոցենտ