Երիտասարդ նկարիչ Արամ Իսաբեկյանի կյանքում միանգամից երկու նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ: Օրերս նա դարձավ ՍՍՀՄ նկարիչների միության անդամ և Երևանում՝ պրոֆեսոր Աբրահամյանի անվան հավաքածու-թանգարանում բացվեց նրա ստեղծագործությունների անդրանիկ ցուցահանդեսը: Դա որոշակի պատկերացում է տալիս արվեստագետի աշխարհի, բնությունը, իրերը, երևույթները կերպարվեստի «պրիզմայով» անցկացնելո նրա ինքնատիպության մասին: Իսաբեկյանը արվեստասերներին է ներկայացել բազմաժանր ստեղծագործություններով. ստեղծված դիմանկարների կողքին ժողովրդի պատմության առանձին դրվագներն են, հայրենի բնության անկրկնելի տեսարանների վերարտադրությունները: Այցելուների ուրշադրությանն են արժանանում «Հին Դիլիջան», «Բջնի», «Ծաղկաձոր» բնանկարները, ինքնանկարները և այլ գործեր:
Արամ Իսաբեկյանը հանրապետական և համամիութենական ցուցահանդեսներին մասնակցում է դեռևս 1975 թվականից, երբ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ավարտական կուրսի ուսանող էր: Այստեղ նա արվեստի ասպարեզում իր առաջին քայլերն է արել ու հմտացել նկարչության անվանի վարպետների, այդ թվում իր հոր՝ Հայկական ՍՍՀ ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի ղեկավարությամբ: «Սովետների երկրի երիտասարդությունը» համամիութենական ցուցահանդեսում նրա գործերից մեկը արժանացավ մոսկվացի խստապահանջ արվեստասերների ու մասնագետների ուշադրությանը:
Նրա «Նատյուրմորտ» կտավը նշվել է որպես Տաշքենդում ներկայացված համամիութենական ցուցահանդեսի հետաքրքրական աշխատանքներից մեկը: Նկարչի գործերը ավելի հեռավոր հորիզոնականներ են նվաճել, Սիրիայում բացված ցուցահանդեսում նա ներկայացել է «Դաշտային ծաղիկներ», «Ինքնադիմանկար» գործերով:
Այժմ երիտասարդ արվեստագետը իր արդեն շատ անվանի դարձած ուսուցիչների կողքին նկարչություն է ավանդում նույն այն հաստատությունում, որի սանն է եղել տարիներ առաջ:
(Արմենպրես)