Հալեպի մեր հայրենակիցների, արաբ արվեստասեր հասարակության համար նշանակալից երևույթ դարձավ երևանցի նկարիչ Արամ Իսաբեկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այն բացվել էր Արամ Մանուկյան ժողովրդական տան «Լևոն Շանթ» սրահում, հովանավորությամբ Բերիո թեմի առաջնորդ Սուրեն արքեպիսկոպոս Գաթարոյանի: Նկարիչը, որը Սիրիա էր մեկնել սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Հրաչիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում՝ մասնակցելու Տեր Զորի հայկական եկեղեցական համալիրի օծման հանդիսություններին, ներկայացրել էր 45 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, որոնք պատկերում էին նոր խոհերն ու մտորումները մեր ժամանակի, նրա դժվարությունների, մայր հայրենիքի մաքառումների մասին:
Այնքան մեծ էր հեղինակի նկատմամբ հետաքրքրությունը, որ արաբ հասարակության ներկայացուցիչները նրան առաջարկեցին մեկ ցուցահանդես ևս ունենալ, այս անգամ պետական հովանավորությամբ, Հալեպի նշանավոր «Մերիդիան» հյուրանոցի ցուցասրահում, որտեղ, ի դեպ, վերջերս իր ստեղծագործություններն էր ներկայացրել նաև բեյրութահայ նկարիչ, Մարտիրոս Սարյանի անվան մրցանակի դափնեկիր Պոլ Կիրակոսյանը:
Իսաբեկյանի ստեղծագործություններին դրվատանքով է անդրադարձել հայ և օտարազգի մամուլը, նշելով, որ նա լավ ավանդներ ունեցող նկարչական գերդաստանի շառավիղ է (նա նկարիչներ Էդուարդ Իսաբեկյանի և Արփենիկ Նալբանդյանի կրտսեր որդին է, Դմիտրի Նալբանդյանի քրոջ զավակը):
Հալեպում Արամ Իսաբեկյանը, որպես Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի փոխտնօրեն, մի շարք դասախոսություններ է կարդացել իր ղեկավարած ուսումնական հաստատության և հայ կերպարվեստի մասին: Նա նախնական աշխատանք է տարել Հալեպից Երևանում ուսանելու եկող ապագա նկարիչներին անհրաժեշտ օգնություն ցույց տալու ուղղությամբ, ծրագրել սիրիահայ և արաբ նկարիչների գործերի ցուցադրում Երևանում:
Վանիկ Սանթրյան